Հայրենագիտական կանգառները՝

Հերհեր գյուղ

Հերհեր գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 32 կմ արևելք, Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում, Վայոց սար լեռան հարավային լանջին: Վայք քաղաքից դիրքով՝ հյուսիս-արևելք, Ջերմուկ քաղաքից՝
արևմուտք: Ծովի մակերևույթից համայնքի բարձրությունը 1500-1750 մ է, գյուղամիջյան
հրապարակում՝ 1650մ: Գյուղական համայնքին պատկանող մերձակա լեռնագագաթների
բարձրությունն անցնում է 2600 մետրից:

Պատմական տեղեկությունները Հերհեր գյուղի վերաբերյալ հարուստ չեն: Գյուղի
տարածքում առկա են մի շարք բնակավայրեր, որոնց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գյուղը բնակեցված է եղել շատ վաղուց: Դա է պատճառը, որ բազմաթիվ են հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանները: Վաղ
միջնադարում այն արդեն կարևոր նշանակություն ունեցող բնակավայր էր:
Պահպանվել են գյուղի Հերհեր, Երերն, Երերան անվանումները: Զաքարյանների իշխանապետության շրջանում (12-13-րդ դարեր) այն եղել է Օրբելյանների վասալ Շահուռնեցիների նստավայրը: Հերհերում է ծնվել միջնադարի խոշոր մտածող, րաբունապետ Գրիգոր Տաթևացին (աշխարհիկ անունը՝ Խութլուշահ):
Գյուղից հյուսիս-արևելք գտնվող Սուրբ Սիոն մենաստանը (վանական համալիր՝ կառուցված 11-13-րդ դարերում) հռչակված է եղել իր կրթական գործունեությամբ: Այդ մենաստանի տարածքում կան միջնադարյան ճարտարապետության ու
խաչքարագործության եզակի նմուշներ: Գյուղի արևելյան մասում են գտնվում Կապույտ
բերդ կոչվող ամրոցը և Սբ. Գևորգ մատուռը:

Հերհերի ջրամբար

Հերհերի ջրամբար գտնվում է Հայաստանում, Վայոց ձորի մարզում, Հերհեր գյուղի ստորին մասում, ծովի մակարդակից 1430 մետր բարձրության վրա։ Լճի ծավալը կազմում է 26 մլն մ3։ Այն կառուցված է Հերհեր գետի վրա:

Սբ. Սիոն եկեղեցին

Մեր հաջորդ կանգառը Սբ. Սիոն եկեղեցին էր։ Գտնվում է Հերհեր գյուղից մոտ 1կմ հյուսիս-արևելք՝ ձորերով շրջապատված ոչ մեծ քարաժայռի գագաթին։ Հիշատակվում է 7-րդ դարից։ Բաղկացած է երկու եկեղեցիներից և մատուռից։ Կիսավեր եկեղեցին այնքան վեհ է երևում։ Ամենուր խաչքարեր ու տապանաքարեր են։ Իսկ այդ ամենին մի տեսակ խորհրդավորություն է տալիս ձորից եկոց գետի ձայնը։

Համալիրի ամենահին եկեղեցին Սբ. Սիոնն է։Միանավ եկեղեցի է։ Արևելյան և արևմտյան ծայրերն ունեն կիսակլոր ապսիդներ, որոնք եզակի են հայկական ճարտարապետության մեջ։ Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռը, իսկ հարավից՝ Սբ. Աստվածածին միանավ եկեղեցին, որը արևելքում ունի զույգ կիսաշրջանաձև խորաններ։ Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին պատկերված է Պռոշյան իշխանական տոհմի զինանշանը՝ ճանկերում խոյ բռնած արծիվ։ Հարավային կողմում կա արևային ժամացույց։ Համալիրի բակում շատ են խաչքարերը, որոնց մեջ աչքի է ընկնում հատկապես ամենափրկիչ խաչքարը

Հերհերի և Քարավազի ջրվեժներ

Հերհեր գյուղից դեպի հյուսիս են գտնվում Քարավազի և Հերհերի ջրվեժները։ Քարավազը գտնվում է համանուն գետի վրա և միանալով Հերհեր գետին առաջացնում է Հերհերի ջրվեժը։ Մենք ուղևորվեցինք դեպի Քարավազի ջրվեժ։ Ճանապարհը հեշտ հասանելի է։ Ճանապարհի մեծ մասը կարելի է անցնել ամենագնաց մեքենաներով, բայց այդ դեպքում կզրկվեք բնության հրաշք տեսարանները ամբողջությամբ վայելելու հնարավորությունից։ Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր Վայոց սարը։

Հեռվից արդեն լսելի էր դառնում բարձրից գահավիժող ջրվեժի ձայնը, բայց երկու ժայռերի միջև թաքնված ջրվեժը դեռ չէր երևում։ Հասնելով ջրվեժին մի պահ մոռանում ես ամեն ինչի մասին, կտրվում աշխարհից ու վայելում բնության հրաշքը։ Քո առջև բացվում են Վայքի լեռներն ու դրանց տակ սփռված գյուղերը։ 2008թ.-ից ջրվեժները ներառվել են բնության պետական հուշարձանների ցանկում։

Կապույտ բերդը

Վայոց սար


Գյուղի հանդիպակաց լեռան հարավարևելյան գագաթին է գտնվում 13-14-րդ դարերում կառուցված Կապույտ բերդը, որը կոչում են նաև Գագիկի բերդ։ Անմատչելի բարձունքը հաղթահարելուց հետո քո առջև բացվում է գյուղն իր ողջ գեղեցկությամբ։ Հեռվից երեվում է Չիքի վանքը։

Վայոց սար, հանգած հրաբուխ Ջերմուկ և Մալիշկա համայնքների սահմանագլխին, Կարմրաշեն գյուղից (Ջերմուկ համայնք) 3 կմ հարավ-արևմուտք։ Չորրորդականի գոյացում է։ Ունի 2581 մ բարձրություն, հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ ձագարաձև խառնարան։ Կազմված է խարամներից։ Լանջերն օգտագործվում են որպես արոտավայր։

Վայոցսարի վերջին ժայթքումը


Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:

Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»

Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:

Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը իրականությանը չի համապատասխանում: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց Ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց Ձոր անունը: